Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին նվիրված «Ես միշտ ձեզ հետ եմ, ձեր մեջ եմ» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի հեղինակը Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն ՆԱՐԻՆԵ ԹՈՒԽԻԿՅԱՆՆ է: Նրա խոսքով` ֆիլմը նպատակ ունի ամբողջական մատուցելու Մեծ լոռեցու կյանքի այն դրվագները, որոնք հայտնի են միայն նեղ շրջանակի մասնագետներին: «Ֆիլմի մասնակիցները, չեմ ասում դերակատարներ, ոչ թե կերտել են Թումանյանի, Օլգայի, աղջիկների կերպարները, այլ ներկայացնում են նրանց խոսքերն ու մտքերը,- ֆիլմի ցուցադրումից առաջ մեզ հետ զրույցում ասաց Նարինե Թուխիկյանը:- Պատկերել ենք ժամանակաշրջանը` 20-րդ դարասկզբի բնորոշ սանրվածք, հագուկապ, սակայն պորտրետային նմանություններ չեն արվել»: Հեղինակի խոսքով` ֆիլմը հիմնված է բացառապես փաստագրության վրա, սակայն դժվար է ստույգ բնորոշել ժանրը, առկա են նաև խաղարկային կտորներ. մեծ գրողին թեյի սեղանի շուրջը հարցեր է տալիս հեղինակը, և նա իրապես պատասխանում է: «Իսկ այդ հարցերի պատասխանները իր հոդվածներում են, նամակագրության մեջ, ստեղծագործություններում: Ինչպես նշեցի, մեր նպատակը Թումանյանի կերպարը ստանալը չէր: Ներկայացվում է հագուստի մի դետալ, մորուսը, ձեռքի մի շարժում, ու այդպես, սկզբնական շրջանում գաղտնի է մնում, թե ո՞ւմ հետ եմ ես զրուցում»,- ասաց Նարինե Թուխիկյանը, հստակեցնելով, որ «միշտ ձեզ հետ եմ, ձեր մեջ եմ» խոսքերը Թումանյանն ասել է իր զավակներին կյանքի վերջին շրջանում, երբ հասկացել է, որ մահանում է, և որ իր մահով ոչինչ չի ավարտվում, ինքը մնում է իր երեխաների մեջ: «Մարմնական մահն ավարտ չէ, ասել է նա իր զավակներին, բայց, կարծում եմ, բոլորիս է դա վերաբերում: Թումանյանը մեզ հետ է, անկախ տարիքից, սեռից, կրթական մակարդակից. աչքներս բացում ենք Թումանյանով, հասունանում նրանով, նրա փիլիսոփայական քառյակներով»,- ասաց Նարինե Թուխիկյանը:
Նշենք, որ «Ես միշտ ձեզ հետ եմ, ձեր մեջ եմ» ֆիլմի նկարահանմանը մասնակցել են Ստեփան Շահինյանը, Շուշան Ղազարյանը, Նարինե Գրիգորյանը, Աննա Թադևոսյանը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ